Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի տարեվերջյան նիստը տեւել է 5 ժամ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության վերջին նախաձեռնությանը, Իրաքի եւ Կիպրոսի խնդիրներին։
Նիստի ընթացքում ընդունված հայտարարության մեջ խիստ պատասխան է տրվել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը, որը անհրաժեշտ էր համարել՝ Թուրքիայի հարավ-արեւելյան նահանգներում ստեղծել ինքնավարություն՝ Թուրքիայի կազմի ներքո, որտեղ թուրքերենի հետ կգործածվի նաեւ քրդերենը։
«Մեկ դրոշ, մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ պետություն հասկացության եւ պետական լեզվի փոփոխման ուղղված որեւէ նախաձեռնություն չի ընդունվելու, ինչը պետք է գիտակցեն»,-նշվել է հայտարարության մեջ։
Անվտանգության խորհուրդը քննարկել է նաեւ Իրաքի խնդիրը եւ գոհունակություն հայտնել, որ դեկտեմբերի 21-ին Իրաքում հաջողվել է կազմել կառավարություն։
Անդրադառնալով Կիպրոսի խնդրին, նիստի մասնակիցները մեղադրել են հունական կողմին՝ խնդրի կարգավորման ճանապարհին խոչընդոտներ հարուցելու համար։





























