Հարցազրույց «Orange Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հետ
Պրն. Դյութուա, որն է՞ 2010 թ. «Orange Արմենիայի» գլխավոր ձեռքբերումը։
2010 թ. մեզ համար շատ կարեւոր էր՝ այն առաջին տարին էր, երբ մենք լիարժեք տնտեսական գործունեություն ծավալեցինք Հայաստանում։ Տարվա ընթացքում մի քանի կարեւոր ձեռքբերումներ ունեցանք։ Առաջին՝ ստեղծեցինք մեր մեծ «Orange ընտանիքը»՝ մի քանի հարյուր հազար բաժանորդներով։ Մյուս կարեւոր ձեռքբերումը այն նորարարություններն են, որ առաջարկել ենք Հայաստանին՝ ծառայությունների, մասնավորապես՝ ինտերնետի ոլորտում կիրառված բազմաթիվ նորարարությունները, հաճախորդների հետ շփումների նոր մշակույթը։ Այդ նոր մշակույթը դրսեւորվում է խանութների օպերացիոն կառուցվածքում, ինչպես նաեւ՝ հաճախորդներին ընդունելու եւ սպասարկելու առումով, որը նույնպես մեզ համար շատ կարեւոր է։
Իսկ եթե ավելի կոնկրետացնենք՝ որն է՞ «Orange Արմենիայի» հիմնական խաղաքարտը հեռահաղորդակցության ոլորտում՝ բավական ուժեղ մրցակցության պայմաններում առաջ ընթանալու համար։
Մենք գործունեություն ենք ծավալում 2 հիմնական ուղղություններով՝ ինտերնետ եւ ձայնային ծառայություններ։ Այս շուկաներում եւ բաժանորդային բազան է տարբեր, եւ բաժանորդներն են տարբեր, եւ ծառայություններն են միմյանցից էապես տարբերվում։ Այդ պատճառով ես այդ հարցը կբաժանեմ 2 մասի։ Ինտերնետի ոլորտում մեր հիմնական առավելությունը ծածկույթն է՝ շատ ընդարձակ ծածկույթ է, որը ծածկում է Հայաստանի բնակչությունը համարյա ամբողջությամբ՝ 93 տոկոսից ավելին։ Բնականաբար՝ դրան գումարած ծառայությունների որակը։ Իսկ ձայնային ծառայությունների շուկայում «Orange Արմենիային» առանձնացնում է առաջին հերթին մեր առաջարկների պարզությունը։ Պարզ, հասկանալի առաջարկներով ենք հանդես եկել։ Իհարկե՝ նաեւ ցածր սակագները եւ ընդարձակ ծածկույթն ու կապի որակը։ Այս ամենին պետք է ավելացնել մեր բաժանորդի հետ տարբերակված, առանձնահատուկ շփումը։
Ձեր հիմնական մրցակիցներից մեկը քայլեր է ձեռնարկում 4G սերնդի ցանցին անցնելու համար։ Որն է՞ լինելու դրան ի պատասխան ձեր քայլը։
Կարծում եմ՝ ճիշտ չէ հարցը այդ ձեւով ներկայացնել, որ մենք պետք է պատասխան տանք այդ քայլին։ Դժվար է ասել՝ որ ընկերությունն է մյուսի քայլին պատասխան տալիս, գուցե մրցակից ընկերությունն է պատասխանում մեր քայլերին։ Եթե տեղյակ եք՝ նոյեմբերի սկզբին մեր հիմնական գործընկերոջ՝ «Nokia Siemens Networks»-ի հետ միասին չորրորդ սերնդի տեխնոլոգիաների հանրային փորձարկում կազմակերպեցինք։ Մենք չորրորդ սերնդի ցանցի ներդրման մասին կմտածենք, երբ շուկան պատրաստ լինի դրան, եւ չորրորդ սերնդի տեխնոլոգիաները նույնպես պատրաստ լինեն։ «Ֆրանս Տելեկոմ» խումբը, որի մասն է կազմում եւ «Orange Արմենիան», տիրապետում է այդ ողջ հմտություններին, գիտելիքներին եւ տեխնոլոգիաներին։ Այս պահին մեր հիմնական նպատակն է ներկայացնել 3G+ ցանցի տեխնոլոգիաները, հնարավորինս շատ մարդկանց, բնակչության բոլոր շերտերին հասանելի դարձնել դրանք։ Այս պահին մեր ընկերությունն առաջարկում է մինչեւ 14 Մբիթ/վրկ տեսական արագությամբ ներբեռնման արագություն։ Այս պահին Հայաստանում պահանջարկը այս տիպի ծառայությունների նկատմամբ է։
Ուրիշ ի՞նչ նորարարություններ կառաջարկեք 2011 թ.։
Դա առայժմ գաղտնիք է։ Միայն կարող եմ վստահեցնել, որ շարունակելու ենք նորարարությունները Հայաստանում՝ այն ուղղություններով, որով սկսել ենք աշխատել 2010 թ. ընթացքում։ Կզարգացնենք արդեն առաջարկված ծառայությունները։ Օրինակ՝ սմարթֆոնների շուկայում մեծ գործ է կատարվել, կամ մուլտիմեդիա ծառայությունների ոլորտում, որտեղ կշարունակենք մեր աշխատանքը։ Ավելին չեմ կարող ասել։
Ո՞ր շուկան եք համարում առավել հեռանկարային՝ բջջային կապի՞, թե՞ ինտերնետի։
Սրանք շատ տարբեր շուկաներ են։ Հայաստանում համարյա բոլորը օգտվում են ձայնային ծառայություններից, սակայն դեռեւս բազմաթիվ անհատներ, ընտանիքներ կամ կազմաերպություններ չունեն ինտերնետ։ Մեզ համար երկուսն էլ ռազմավարական ու հավասար կարեւորություն ունեցող ուղղություններ են։ Ինտերնետի շուկայում մեր թիրախն ավելի շատ այն մարդիկ են, որոնք մինչ օրս մուտք չունեն ինտերնետ։ Ձայնային ծառայությունների ոլորտում շուկան արդեն բավական հագեցած է, մենք մարդկանց նոր ընտրություն ենք առաջարկում, թեեւ նրանք արդեն ունեն բջջային հեռախոս եւ քարտ։ Առաջարկում ենք այլ մոտեցում, այլ ծառայություն, այլ սակագին։
Ձեր Ամանորյա բարեմաղթանքը «Orange Արմենիայի» հաճախորդներին։
Մեկ բառով դժվար է ասել, բայց մեր բոլոր հաճախորդներին ցանկանում եմ հրաշալի ընտանեկան տարի, իսկ «Orange Արմենիան» դրան կնպաստի ծառայությունների այն հրաշալի որակով, որ մեզանից սպասում են։
Զրուցեց՝ Սամվել Ավագյանը





























