Դեկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում պարտադիր ապահովագրության է ենթարկվել մոտ 168 հազ. ավտոմեքենա, կամ ընդհանուր ավտոմեքենաների թվի 40 տոկոսը։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին լրագրողներին հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության եւ ֆինանսական կայունության վարչության պետ Վահե Վարդանյանը։ Նրա խոսքով՝ այդ թիվը դեռ ճշգրտման կարիք ունի, քանի որ ապահովագրական ընկերությունները չեն հասցրել ամբողջությամբ գրանցել վաճառված պոլիսները՝ վերջին օրերի աշխուժության պատճառով։
ԿԲ հաշվարկներով՝ Ամանորից հետո կունենանք 50 տոկոս ապահովագրություն, իսկ հունվարի վերջում՝ մոտ 60 տոկոս։
Հատկանշական է, որ պարտադիր ապահովագրության շուկայում գերիշխող դիրք զբաղեցնողներ չեն գոյացել։ Թեեւ ԿԲ պաշտոնյան հրաժարվեց տեղեկացնել, թե պոլիսները ինչ կերպ են բաշխվել ապահովագրական ընկերությունների միջեւ, սակայն վստահեցրեց, որ չկա այնպիսի ընկերություն, որը շուկայում 30 տոկոսից ավելի մասնաբաժին ունենա։ Հետեւաբար՝ կարելի է վստահությամբ ասել, որ բարձր կենտրոնացվածություն այս շուկայում չի լինի։
Նշենք, որ ապահովագրական գործընթացը կշարունակվի նաեւ դեկտեմբերի 31-ին՝ մինչեւ կեսօր, եւ կվերսկսվի հունվարի 3-ին։ Սակայն որոշ գործակալներ պատրաստակամություն են հայտնել աշխատել նաեւ հունվարի 1-ին եւ 2-ին։




























