2011 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր ավտոապահովագրության մասին օրենքը։ Սա նշանակում է, որ վթարներից տուժած անձինք կարող են ստանալ փոխհատուցում ապահովագրական ընկերությունից՝ լինի դա գույքային վնաս, առողջության կորուստ կամ մահ։
Ի՞նչ պետք է անի քաղաքացին վթարի դեպքում՝ ԱՊՊԱ-ի գծով փոխհատուցում ստանալու համար։ Այդ հարցին այսօր՝ դեկտեմբերի 30-ին որոշ պարզաբանումներ տվեցին ԿԲ ֆինանսական համակարգի քաղաքականության վարչության պետ Վահե Վարդանյանը եւ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը։
Ըստ Վ. Ավետիսյանի՝ վթարի դեպքում տուժած ավտոմեքենայի սեփականատերը անհապաղ պետք է զանգի ապահովագրական ընկերությանը, իսկ մինչ գործակալի ժամանումը մեքենան պահի անշարժ վիճակում։ Ըստ մշակված կարգի՝ ապահովագրական գործակալը պարտավոր է Երեւան քաղաքում վթարի վայր հասնել ամենաուշը 45 րոպեում, իսկ այլ վայրերում՝ 90 րոպեում։ Միայն 2 դեպքում կարելի է մեքենան տեղաշարժել՝ ոստիկանության ցուցմունքով, եթե դա անհրաժեշտ է բնականոն երթեւեկությունը վերականգնելու համար, եւ մարդկանց անվտանգության ապահովման նկատառումով։
Հետիոտնները փոխհատուցում կստանան նույնիսկ այն դեպքում, երբ վթարի համար նաեւ իրենք են մեղավոր։ Վ. Ավետիսյանն ասաց, որ որպես կանոն հետիոտնին վրաերթ կատարելիս վարորդն ունի մեղավորության իր մասնաբաժինը։ Միայն այն դեպքում ապահովագրական ընկերությունը փոխհատուցում չի տա, եթե ոստիկանության եզրակացությամբ նշվի, որ վարորդը իրենից կախված ամեն ինչ արել է՝ վրաերթը կանխելու համար։
Այն դեպքերում, երբ վթարի մեղավորներին անմիջապես հնարավոր չէ պարզել, սակայն առկա են տուժած անձինք, ապահովագրական ընկերությունը պետք է բուժման ծախսերի կանխավճար վճարի։ Ըստ Վ. Ավետիսյանի՝ սա նախադեպ չունեցող լուծում է՝ միջազգային պրակտիկայում նման բան չկա։ Երբ վերջնականապես կպարզվի, թե ով է վթարի համար պատասխանատու՝ ապահովագրական ընկերությունները միմյանց միջեւ վերահաշվարկ կկատարեն։
Ահա այն թեժ գծի հեռախոսահամարները, որով քաղաքացիները կարող են տեղեկացնել վթարի մասին, կամ դիմել ԱՊՊԱ-ի հետ կապված ցանկացած հարցով՝ 58 00 43, 58 00 34։





























