Իրենց մեքենաները չապահովագրած քաղաքացիները 2011 թ. հունվարի 1-ից հետո կտուգանվեն։ Կկիրառվի 2 տեսակի տուգանք՝ մեքենան չապահովագրելու համար, եւ չապահովագրած մեքենան վարելու համար։
Մեքենան չապահովագրելու համար տուգանքը կազմում է 10 հազ. դրամ՝ յուրաքանչյուր 10 օրվա համար, սակայն ոչ ավելի 50 հազ. դրամից՝ ողջ տարվա համար։
Չապահովագրած մեքենան վարելու համար ավտոտեսուչը կարող է տուգանել յուրաքանչյուր ստուգման դեպքում 50 հազ. դրամ։ Ընդ որում՝ կեղծ կտրոններով երթեւեկելը քաղաքացիներին չի ազատում տուգանքի վճարումից։ Ավտոտեսուչը ցանկացած պահի մեքենայի համարանիշի միջոցով կարող է պարզել՝ արդյո՞ք մեքենան ապահովագրած է, եւ եթե այո՝ ո՞ր ընկերությունում։ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանի տեղեկացմամբ՝ ներկա դրությամբ բացահայտվել է 20 կեղծ ապահովագրական կտրոն։ Նա խորհուրդ տվեց ձեռնպահ մնալ էժան՝ 5 կամ 10 հազարանոց կտրոններ ձեռք բերելուց, քանի որ դրանք ամենայն հավանականությամբ կեղծված են։





























