Պետք է գտնել ադեկվատ լուծում, որ փոխված Սահմանադրությամբ կառավարման համակարգը լիարժեք կյանքի կոչվի կիրառման փուլում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով պնդումներին, որ Հայաստանը գնում է դեպի սուպերվարչապետական համակարգ:

Ռուստամյանի խոսքով, իրենց նպատակն էր վերացնել գերկենտրոնացած, միահեծան իշխանությունը Հայաստանում, եւ բոլորի գնահատականներով՝ ոչ միայն տեղի, այլ նաեւ Եվրոպական գործընկերների, ՀՀ-ն ավելի ժողովրդավարական համակարգ է որդեգրել՝ անցում կատարելով ապակենտրոնացած համակարգի:

«Ապակենտրոնացումը պետք է լիարժեք իրականացնել: Այստեղ էլ կարող են կիրառման փուլում տարբեր մոտեցումներ լինել,  որոնք տպավորություն կստեղծեն, որ գործընթացի լիարժեք ապակենտրոնացում տեղի չի ունենում այն ցանկություններին համապատասխան, որ նախկինում ունեցել ենք:

Բայց միանշանակ, սահմանադրական մեխանիզմների ապակենտրոնացումը ելակետային փուլում անպայման տեղի է ունենալու, եւ իշխանության ճյուղերը տարանջատվելու են»,-ընդգծեց Ռուստամյանը:

Որպես ապակենտրոնացման օրինակ նա բերեց դատական իշխանության օրինակը՝ նշելով, որ եթե նախկինում նախագահի լիազորությունն էր  դատավորներ նշանակելը, ազատելը, այսօր արդեն նաեւ վարչապետը չունի նման լիազորություն:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով, պետք է այնպես անել, որ կառավարություն, վարչապետ, նախարար գործառույթները հստակ տարանջատվեն՝ համաձայն Սահմանադրության. «Այնպիսի վիճակ չառաջանա, որ վարչապետը փոխարինի կառավարությանը: Այսօր վարչապետ-կառավարություն գործառույթները տարանջատված են, այլ հարց, որ գուցե էլ ավելի տարանջատելու հնարավորություն կա»:

Նա նկատեց, որ Հայաստանում դեռ կա իներցիոն մտածելակերպ, որ թեեւ համակարգը փոխվել է, սակայն իրականում համակարգի փոփոխությունների քողի տակ պահպանվել են նույն կառավարման ոճը, նույն սոցիալական քաղաքականությունը. «Պետք է ցրենք նման մտածողությունը»,-ընդգծեց Ռուստամյանը: