Բելառուսի ղեկավարությունը չի երկարաձգել Մինսկում ԵԱՀԿ գրասենյակի աշխատանքի մանդատը: Բելառուսի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ որոշման պատճառը Բելառուսում ԵԱՀԿ առաքելության շարունակման օբյեկտիվ հիմքերի բացակայությունն է: Նշվում է, որ գրասենյակի բացակայությունը չի ազդի Բելառուսի եւ այդ կազմակերպության գործակցության մակարդակի վրա: Հիշեցվում է, որ նախկինում ԵԱՀԿ գրասենյակներ փակվել են նաեւ Վրաստանում, Էստոնիայում եւ Լատվիայում եւ այդ երկրներն անմիջականորեն են կապ պահպանում ԵԱՀԿ ինստիտուտների հետ, գրում է Lenta.ru-ն:
Դեկտեմբերի 19-ին կայացած Բելառուսի նախագահի ընտրություններից հետո նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել էր ԵԱՀԿ դիրքորոշումը: Կազմակերպությունը հիասթափություն էր արտահայտել ձայների հաշվարկի եւ ընտրությունների ամբողջ գործընթացի կապակցությամբ:





























