Հունվարի 1-ին, 8.30 սահմաններում Խանջյան փողոցում, Մանկավարժական համալսարանի դիմաց, իրար են բախվել ՎԱԶ-21101 մակնիշի Տ 7227 համարանիշի եւ Օպել Վեկտրա մակնիշի 23 ԼՍ 833 համարանիշի ավտոմեքենաները: NEWS.am-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ բախման հետեւանքով տաքսու վարորդը` 43-ամյա Անդրանիկ Վոլոդիայի Քոչարյանը եւ Օպելի ուղեւոր 28-ամյա Մադլենա Աշոտի Հարոյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Շամշյանի փոխանցմամբ` տաքսու վարորդը ծանր վիճակում է: Օպելը վարել է 27-ամյա Արմեն Նիկոլայի Հախումյանը: Վերջինս վթարի վայրից վթարված մեքենայով դիմել էր փախուստի: Նրա ավտոմեքենան Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի հետնամասում: Որոշ ժամանակ անց Հախումյանը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Նշված բաժնում նյութեր են նախապատրաստվում:





























