2010թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում կալանավոր, 50-ամյա Մկրտիչ Պետրոսյանի մահվան հետ կապված ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որն էլ կպարզի Պետրոսյանի մահվան պատճառը:

Մկրտիչ Պետրոսյանը անցած տարվա ապրիլի 17-ի Նոր Նորքի զանգվածում գտնվող Ռազմական ակադեմիայի դիմաց տեղի ունեցած հայտնի քրեական ռազբորկայի մասնակիցներից մեկն էր:

NEWS.am-ին  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի ազգականն էր:

Հիշեցնենք, որ 2010թ. ապրիլի 17-ին Նոր Նորք համայնքում «Crazy horse» սրճարանի մոտ 70 մարդկանց մասնակցությամբ տեղի էր ունեցել զինված բախում: Ոստիկանությունը հասցրել էր կանխել արյունահեղությունը` բերման ենթարկելով 55 մարդու: Նրանցից 36-ը ձերբակալվել էին: Հետագայում 17-ը դատապարտվել էին ազատազրկման, 17-ն ազատ էին արձակվել` բնակության վայրը չլքելու պայմանով, եւս երկուսն ազատ էին արձակվել գրավի դիմաց:

Հիշեցնենք նաեւ, որ դեպքի վայրում հայտնաբերվել էր մեծ քանակի զենք եւ զինամթերք: Այն ժամանակ մամուլում հայտնվեցին տեղեկություններ, թե հարաբերություններ պարզողները եղել են Հանրապետական կուսակցության եւ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները: