Հունվարի 1-ին, ժամը` 22:00 - 22:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայի վրա, Ջրաշխարհի մոտ, իրար են բախվել 15-16 ավտոմեքենաներ, որոնց մեջ հիմնականում ՎԱԶ 2107, ՎԱԶ 2110, ՎԱԶ 2121, ԳԱԶ 3110, ինչպես նաեւ Ջիպ մակնիշի:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով երեք հոգի տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվել է մեծ բազմություն, Երեւան քաղաքի , ինչպես նաեւ, Նոր Նորք վարչական շրջանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները դեպքի վայրում կատարել են տեզազննման եւ չափագրման աշխատանքներ:
Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատահարի հատվածում դադարեցվել է երթեւեկությունը: Դեպքի վայր են բերվել քարշակ ավտոմեքենաներ, որպեսզի վթարված ավտոմեքենաները տեղափոխեն ՀՀ ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ, որից հետո ՃՏՀ քննության բաժնի աշխատակիցները մեկնել են հիվանդանոց տուժած անձանց ինքնությունը պարզելու համար: Ճշտվում են վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունները, վերջիններիս տեղափոխել են համապատասխան բուժհիմնարկ սթափությունը պարզելու համար:
Գագիկ Շամշյանը տեղեկացրեց, որ հիվանդանոց են տեղափոխվել երկու քաղաքացի. 53-ամյա Սամվել Սերգեյի Նազարյանը, ով վարել է «ՎԱԶ 21150» մակնիշի Լ 1330 համարանիշի մեքենան եւ Ապարանի բնակիչ, 29-ամյա Արամ Հակոբի Գալստյանը, ով վարել է «ԳԱԶ 31105» մակնիշի 04 ԼԼ 073 համարանիշի մեքենան: Ըստ ականատեսների, այս երկու անձանց վրաերթի էր ենթարկել «Ջիփ»-ի վարորդը եւ թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում, եւ օպերատիվ քննչական աշխատանքներ են կատարվում նշված «Ջիպ»-ի վարորդին հայտնաբերելու համար:
Լուսանկարը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























