Քարկոծմամբ մահվան դատապարտված իրանուհի Սաքինե Մոհամադի Աշթիանին դատի է տալու գերմանացի լրագրողներին, որոնք ձերբակալվել են նրա որդու հետ հարցազրույց անելու փորձի համար:
«Ես ասելեմ Սաջադին (Մոհամադի Աշթիանիի որդին), որ դատի տա նրանց, ովքեր վարկաբեկել են ինձ եւ իմ երկիրը», - Թավրիզում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է իրանուհին` իրանական ԶԼՄ-ներին հղում անելով` հաղորդում է Ֆրանս Պրեսը:
Նրա խոսքով երկու գերմանացիներից բացի, ցուցակում են նաեւ նախկին փաստաբան Մոհամադ Մոստաֆային եւ «Քարկոծմամբ պատժելու դեմ միջազգային կոմիտեի» ակտիվիստ Մինա Ահադին եւ ամուսնու սպանության հետ կապ ունեցող Իսա Թահերին:
Մոհամադի Աշթիանին նաեւ հերքել է լուրերը, թե բանտում խոշտանգումների է ենթարկվել:
NEWS.am-ը հաղորդել էր, որ հոկտեմբերի 10-ին ձերբակալվել էին երկու գերմանացի լրագրողներ: Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ տուրիստական վիզան հնարավորություն չի տալիս լրագրողական գործունեությամբ զբաղվել:





























