Հունվարի 1-ին Բրազիլիայում տեղի է ունեցել երկրի առաջին կին նախագահ Դիլմա Ռուսեֆի երդմնակալության արարողությունը: Նախագահի պաշտոնում Ռուսեֆը փոխարինել է Բրազիլիայի պատմության ամենաժողովրդական նախագահ Լուիշ Ինասիու Լուլա դա Սիլվային, որի օրոք Բրազիլիայում գրանցվեց աննախադեպ տնտեսական աճ: Միեւնույն ժամանակ, Բրազիալիան մնում է սոցիալապես ամենաբեւեռացված երկրներից մեկը:
62-ամյա Դիլմա Ռուսեֆը նախկինում ոչ մի ընտրովի պաշտոն չի զբաղեցրել: Նա խոստացել է շարունակել նախկին նախագահի քաղաքականությունը:
NEWS.am-ը հաղորդել էր, որ երդմնակալությանը հրավիրվել էր նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հունվարի 3-ին ՀՀ ԱԳՆ ղեկավարը Բրազիլիայից կժամանի Բուենոս Այրես, որտեղ նախատեսված է հանդիպում Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Թիմերմանի հետ: Հունվարի 5-ին Նալբանդյանն Ուրուգվայում հանդիպում կունենա այդ երկրի արտգործնախարար Լուիս Ալմագրոյի հետ:





























