Ադրբեջանում հայտարարում են գերված քաղաքացիների փոխանակման հնարավորության մասին։ 
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը, փոխանցում է haqqin.az-ը։ 

«Նրանց (հայերի) փոխանակման առաջարկները նախկինում էլ են եղել։ Մենք պատրաստ ենք աշխատել եւ առաջ շարժվել այդ ուղղությամբ», -շեշտել է Ախունդովը։ Միեւնույն ժամանակ, Պետկոմիտեի քարտուղարը նշել է Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի վերադարձի շուրջ ջանքերի շարունակման մասին․ «Աշխատանքն այս ուղղությամբ շարունակվում է: Այս հարցը գտնվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի ուշադրության կենտրոնում», -հայտնել է նա։ 

Հիշեցնենք, որ ներկայումս Ադրբեջանում են գտնվում ԼՂՀ եւ Հայաստանի մեկական քաղաքացիներ։ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի երեք քաղաքացիներ կան  ներկայումս։