Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Սիգրիդ Կաագը հարգում է խորհրդարանի «ոգեւորությունը» Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ, սակայն չի մեկնաբանի կառավարության դիրքորոշումը, մինչեւ հաջորդ շաբաթ խորհրդարանը չքննարկի հարցը:

 Հոլանդական հանրային հեռարձակող NOS-ին տված հարցազրույցում Կաագը նշել է, որ կառավարությունը միշտ էլ անդրադառնում է այս հարցին` որպես «Հայոց ցեղասպանության հարց»:

Նախարարը հավելել է, որ նա հարգում է 1915-ին տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների ժամանակ զոհվածների հարազատների վիշտը: «Կարեւոր է, թե ինչպես կարելի է անվանել այդ իրադարձությունները, բայց մենք դա կորոշենք խորհրդարանի հետ բանավեճում», - ասել է նա:

Ըստ NOS-ի՝ նախարարը հրաժարվել է մեկնաբանել, թե կառավարության անդամը մասնակցելու է արդյոք ապրիլին Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին: Սակայն Հաագայում հեռարձակողի աղբյուրները նշում են, որ միջոցառումներին Նիդերլանդների ներկայացուցիչը մասնակցելու է:

Հիշեցնենք, որ Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նախագիծ:

Նախագծի հեղինակն է «Քրիստոնեական միություն» կուսակցության պատգամավոր Յոել Ֆորդեվինդը: Բանաձեւի համաձայն՝ Նիդերլանդների կառավարության ներկայացուցիչը պարտավոր է ամեն տարի Երեւանում այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը մասնակցել՝ Հայոց ցեղասպանության հարցում Նիդերլանդների դիրքորոշումը ամրապնդելու համար: