Իսրայելի ԱԳՆ-ի աշխատակիցների գործադուլը նոր թափ է հավաքում: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Իսրայել, որ նախանշված է հունվարի 17-ին, ամենայն հավանականությամբ, չի կայանա:
ԱԳՆ աշխատանքային կոմիտեի նախագահ Հանան Գոդերը հայտարարել է, թե այցի տեղափոխման նախաձեռնությունը պատկանում է ռուսական կողմին: ՌԴ նախագահի աշխատակազմը, սակայն, հրաժարվել է հաստատել այդ տեղեկությունը:
Ընդ որում, վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսքով, Իսրայել պետությունը շահագրգռված էր այդ այցի մեջ:
Իսրայելական դիվանագիտության պատմության մեջ դեռ չի եղել դեպք, որ գործադուլի պատճառով չեղյալ հայտարարվեր պետական առաջնորդի այց:
Ի դեպ, խոսքը միայն Մեդվեդեւի այցի մասին չէ: ԱԳՆ-ի գործադուլի պատճառով հետաձգվելու կամ չեղյալ են հայտարարվելու Սլովենիայի եւ Խորվաթիայի վարչապետների, Նիդեռլանդների ԱԳ նախարարի այցերը:





























