Այս տարին Նոր տարվա տոնակատարությունները բավարար հանգիստ էին բժշկական տեսանկյունից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Շտապօգնության օպերատիվ ծառայության ավագ բժիշկ Լիլիա Պողոսյանը: Նրա խոսքով, 2010թ. դեկտեմբերի 31-ից 2011թ. հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում սննդային կամ ալկոհոլային թունավորման որեւէ դեպք չի արձանագրվել:
«Ի տարբերություն նախորդ Ամանորի, այս անգամ ամեն ինչ բավական հանդարտ է: Ընդհանուր առմամբ, այս օրերին ավելացել են զանգերի քանակությունը, բայց դրանք կապված են ճնշման կտրուկ բարձրացման, առողջական թուլությունների հետ»,- հայտարարել է նա` պարզաբանելով, որ տոներին մարդիկ մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքներ են օգտագործում, հեղուկներ, ինչը, ընդհանուր առմամբ, բացասական է ազդում օրգանիզմի վրա: «Անցած տարի դեկտեմբերի 31-ին արդեն եղել են ալկոհոլային թունավորման դեպքեր, իսկ տոն օրերին սննդային թունավորմամբ մարդկանց էին բերում: Այս տարի նման բան չկա»,- նկատել է Պողոսյանը:





























