Հայաստանի առողջապահության նախարարության թեժ գծով 2010թ. դեկտեմբերի 31-ից 2011թ. հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում զանգել են 32 անգամ, ընդ որում դրանցից 28-ը զուտ տեղեկատվական բնույթի են եղել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարարության նոր եւ մանկան առողջության պահպանման վարչության մասնագետ Գայանե Ավագյանը:
Նրա խոսքով, բացի 28 զանգերից 1-ը կապված է հոգեկան հիվանդի հետ, որին այս օրերին պետք է ազատ արձակեն, մյուսը` 17-ամյա մի տղայի, որին սուր հիվանդությամբ տեղափոխել են հիվանդանոց:
«Նաեւ զանգել էին պարզելու` աշխատում են արդյոք ատամնաբուժական կլինիկաները, նաեւ մայրության հարցերով, ինչ կարելի է ուտել հղիության ընթացքում, եւ այլն: Մյուս բոլոր հարցերը կենցաղային բնույթ են կրել եւ կապ չեն ունեցել Նոր տարվա հետ»:
Ավագյանի խոսքով, այս տարի առողջապահական իմաստով տոները շատ հաջող էին, քանի որ որեւէ խնդիր չի եղել: «Պետք է շարունակել այդ միտումը, զգոնություն ցուցաբերել երեխաների հանդեպ, ամեն ինչում պահել չափը»,- նկատել է նա` ընդգծելով, որ նվազագույն դրսեւորումների դեպքում պետք է դիմել Շտապօգնությանը:
«Մի կերեք 4-օրվա վաղեմության կրեմով թխվածքները: Դա կարող է վտանգավոր լինել»,- հատուկ նշել է Գայանե Ավագյանը:





























