Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը 3 շաբաթյա դադարից հետո կրկին հանդիպել է իր փաստաբանների հետ, որոնց միջոցով հրապարակել է վերջին շրջանում Թուրքիայում քրդական «Ժողովրդավարական հասարակության կոնգրես»-ի(DTK)  կողմից ներկայացրած «Ժողովրդավարական ինքնավարություն» նախագծի շուրջ իր մտքերը։

Firat գործակալության փոխանցմամբ՝ Օջալանը նշել է, թե նոր երկխոսության շրջանում պետք չէ փոխադարձ հարձակումները, այլ պետք է օգտագործել միայն պատասխան գործողություն իրականացնելու իրավունքը։

Ըստ Օջալանի՝  «Ժողովրդավարական հասարակության կոնգրես»-ի ներկայացրած նախագիծը ժամանակից շուտ էր։ «Այդ նախագիծը օգուտի փոխարեն կարող է վնաս հասցնել։ Նրանք քրդական խնդրի կարգավորման ծրագիր են ներկայացրել, որը ոտքի է հանել թուրք ազգայնականներին։ Երկու կողմն էլ իրենց տեսակետը կոշտացնելով կարող են բախման մեջ մտնել»,-ընդծել է Օջալանը։

«Հայտնի չէ, թե վաղը ի՞նչ կլինի։  Նույնիսկ ամեն ինչ կարող է ուղղվել վարչապետի դեմ։ Իմ փորձից եմ ասում։ Նմանատիպ մի ժամանակահատվածում Օզալը սպանվեց։ Վաղը Էրդողանը կարող է սպանվել։ Վաղը երկրում կարող է հեղաշրջում լինել»,-շեշտել է Աբդուլլահ Օջալանը։