Այսօր` հունվարի 3-ին, ժամը 21-ի սահմաններում, Բաղրամյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում տեղի է ուենցել ավտովթար:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` BMW X5 մակնիշի 23 ՍՕ 981 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դուրս գալով հանդիպակաց երթեւեկելի մաս, հարվածել է Daewoo մակնիշի Տ 4897 համարանիշի տաքսի մեքենային, տաքսին էլ իր հերթին բախվել է Wolksvagen Passat մակնիշի 23 ԼՏ 684 համարանիշի ավտոմեքենային:
Դեպքի վայր են ժամանել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկրար ծառայության հատուկ փրկարար ջոկատի փրկարարները, որոնք տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենաներից դուրս են բերել մի քանի վիրավորների:
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադները վիրավորներից 7-ին մարմնական վնասվածքներով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, մի անձ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ մեկ հոգի էլ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ պարեկապահակային ծառայության աշխատակիցները կարողացել են բորբոքված բազմության ձեռքից ազատել X5-ի վարորդին, ով լկտի հայհոյանքներ էր տալիս, եւ նրան վերցնել իրենց հսկողության տակ: Պարզվել է, որ BMW X5-ի վարորդը 28-ամյա Կարեն Գեւորգի Խաչատրյանն է, ով բանկային համակարգի աշխատող է:
Նշված հատվածում երթեւեկությունը մասամբ կաթվածահար էր եղել, այդուհանդերձ Երեւանի ճանապարհային ոստիկաններին հաջողվեց տարածքից հեռացնել հետաքրքրասեր քաղաքացիներին եւ տարածքը մաքրել խցանումից;
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը, ով դեպքի վայրի տեղազննման եւ չափագրման աշխատանքներ կատարելուց հետո հանձնարարեց ՃՈ աշխատակիցներին որպեսզի վթարված ավտոմքենաները տեղափոխվեն ՃՈ տուգանային հրապարակ, իսկ BMW X5-ի վարորդին տեղափոխեն բուժկենտրոն` պարզելու սթափության աստիճանը:
ՃՏՀ քննության բաժնի քննիչը մեկնեց հիվանդանոց` պարզելու վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնեց նաեւ, որ հիվանդանոց տեղափոխվածներից մեկը` 40-ամյա մի տղամարդ, մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի








































