Ռուս կերլինգիստ Ալեքսանդր Կրուշելնիցկու B դոպինգ փորձանմուշը, ում կասկածում են հակադոպինգային կանոնների խախտման մեջ, դրական է եղել, հայտնում է «Չեմպիոնատը»: 

Պարբերականի աղբյուրի տեղեկացմամբ՝ փորձանմուշը բացվել է փետրվարի 19-ի առավոտյան Սեուլի հակադոպինգային լաբորատորիայում եւ մելդոնիումի դրական արդյունք է ցույց տվել:

Սպորտային արբիտրաժային դատարանը Կրուշելնիցկու դեմ գործ է հարուցել: Լսումների օրը դեռ հաստատված չէ:

Փետրվարի 18-ին կերլինգիստի մոտ առաջացել էին A դոպինգ փորձանմուշի խնդիրներ: «Սպորտ էքսպրեսի» տեղեկություններով՝ ռուսաստանցու արյան մեջ հայտնաբերվել էին մելդոնիումի հետքեր:

Insidethegames-ը հայտնել է, որ Կրուշելնիցկին տեղի ունեցածի համար մեղադրել է թիմակիցներին: Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեում այս տեղեկությունը հերքել էին՝ նշելով, որ մարզիկը այս հարցով մեկնաբանություններ չի կատարել:

Փետրվարի 13-ին Կրուշելնիցկին Անաստասիա Բրիզգալովայի հետ նվաճել էր դաբլ-միքսթում բրոնզե մեդալը: Մարզիկները ռուսական կերլինգում դարձել էին առաջին օլիմպիական մրցանակակիրները: