Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Երեւան ժամանած ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին եւ կարեւորել ռազմավարական դաշնակից երկու երկրների հատուկ ծառայությունների միջեւ սերտ համագործակցությունը, ընդգծելով, որ արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում առաջանում են ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ նոր սպառնալիքներ, եւ երկու դեպքում էլ, Նախագահի համոզմամբ, անհրաժեշտ է տեղեկատվության փոխանակում, իրավիճակի գնահատում, մշտական ակտիվ փոխգործակցություն հատուկ ծառայությունների միջեւ, որը կօգնի ավելի արագ եւ արդյունավետ հակազդել սպառնալիքներին:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ առանձնանում ակտիվ ու բարձր մակարդակի համագործակցությամբ բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական եւ ռազմատեխնիկական, հումանիտար, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ու արտաքին քաղաքական գործունեության մեջ: Նախագահը հույս է հայտնել, որ Սերգեյ Նարիշկինի այցը նոր խթան կհաղորդի հայ գործընկերների հետ մասնագիտական ոլորտում համագործակցության առավել ամրապնդմանը:

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար եւ ընդգծել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները ենթադրում են սերտ կապեր եւ գործընկերային հարաբերություններ բոլոր մակարդակներում, այդ թվում՝ հատուկ ծառայությունների միջեւ: Սերգեյ Նարիշկինը վստահեցրել է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ իր ղեկավարած ծառայության համագործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա եւ հանդիպման ժամանակ ներկայացրել է ըստ առանձնին ուղղությունների երկու կառույցների միջեւ ընթացիկ համագործակցությունն ու հետագա ծրագրերը: