Հունվարի 4-ին Վաշինգթոնում իր աշխատանքն է սկսել ԱՄՆ նոր՝ 112-րդ գումարման Կոնգրեսը: Հիմա հանրապետականները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ունեն մեծամասնություն եւ զգալիորեն ամրացրել են իրենց դիրքերը:
Նոր կոնգրեսականներից շատերը Թեյախմության շարժման երիտասարդ ակտիվիստներ են, ովքեր կողմ են պետության դերի ու հարկերի նվազեցմանը, նաեւ հայտարարում են, որ մտադիր են փոխել այն կարգը, որով քաղաքական որոշումներ են ընդունվում Վաշինգթոնում, գրում է «Ամերիկայի ձայնը»:
Իր պաշտոնից հեռացած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, ով ԱՄՆ պատմության մեջ առաջին կին խոսնակն էր, պետք է իր պաշտոնը փոխանցի Օհայո նահանգից ընտրված հանրապետական Ջոն Բայներին:
Փելոսին հայտարարել է, որ իր ղեկավարած ժամանակահատվածում կատարած քայլերի համար չի զղջում:
Ամերիկայն գործարարության ինստիտուտի քաղաքագետ Նորման Օրնսթայնը նշել է, որ նոր հանրապետականները լուրջ ճնշման են ենթարկվելու իրենց ընտրողների կողմից, ովքեր պարտադրելու են կրճատել պետական ծախսերը: Նրա խոսքով, հանրապետականներն արդեն հստակ գիտեն իրենց անելիքը. Խափանել այն ամենը, ինչ կնախաձեռնի նախագահ Օբաման եւ թույլ չտալ, որպեսզի նա կարողանա ընտրվել 2012-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում:





























