Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ոստիկանության Շենգավիթի բաժնի քննչական բաժնի միջնորդությունը եւ երկու ամսով կալանքի որոշում է կայացրել 21-ամյա Ավետիք Շատիկյանի նկատմամբ: 

Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հայտնել էր, որ դեկտեմբերի 29-ին, ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ նշված շրջանի Մանանդյան փողոցի 22 շենքի 36 բնակարանում մահացած անձ կա: Նշված հասցե էին շտապել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝  բաժնի պետ, գնդապետ Լեւոն Յազիչյանի գլխավորությամբ, Երեւանի փոխոստիկանապետ Աշոտ Միրիջանյանը, փորձագետն ու քրեագետը:

Նշված բնակարանում ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները հայտնաբերել էին խոշտանգված կնոջ մարմին: Պարզվել էր, որ նա 85-ամյա Վարդուհի Հովհաննեսի Շատիկյանն է, ում մարմինն առանձնակի դաժանությամբ խոշտանգված էր եղել: Հարեւանները  Շամշյանին պատմել էին, որ կտրած էր կնոջ կոկորդը։ Բնակարանում հայտնաբերվել էր գլխից պոկված մազափնջեր, ջախջախված էր նաեւ գլուխը:

Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն):

Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների օպերատիվ աշխատանքի արդյունքում, պարզվել է, որ սպանությունը կատարել է Վարդուհի Շատիկյանի թոռը՝ 21-ամյա Ավետիք Շատիկյանը:

Օպերատիվ խումբը Շատիկյանին հայտնաբերել էր 16 թաղամասի իրենց բնակարանում: Կասկածյալին բերման էին ենթարկել Շենգավիթի բաժին, որտեղ նա պատմել է իրականությունը։ Ոստիկանության աշխատակիցները Ավետիք Շատիկյանի մորաքրոջ տանը (Հալաբյան փողոցի վրա) հայտնաբերել էին նաեւ հանցագործության արյունոտ գործիքներն ու նրա հագուստը: Արյունոտ գործիքներն ու հագուստը ուղարկվել էր փորձաքրեգիտական կենտրոն, նշանակվել էր փորձաքննություն։Քննիչի որոշմամբ, հոգեբուժական փորձաքննություն է նշանակվել Ա. Շատիկյանի նկատմամբ:

 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի