Չի կարող լինել հիմնախնդրի որեւէ լուծում, որը ինչ-որ կերպ խաթարի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու իրավունքը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, Երեւանում Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Լիբանանի նախագահին ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Մեր աներկբա համոզմունքն է, որ չի կարող լինել հիմնախնդրի որեւէ լուծում, որը ինչ-որ կերպ խաթարի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու իրավունքը: Այս առումով, իմ գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ ինչպիսին էլ լինի այս հիմնախնդրի կարգավորումը, դրա հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը իր պատմական տարածքում»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ):

Նա նաեւ նշել է, որ Լիբանանի նախագահի հետ համակարծիք են, որ Երուսաղեմի խնդրում ամենակարեւորը բանակցային գործընթացն է, եւ ուժի կիրառմամբ այդպիսի խնդիրները չեն կարող լուծվել: