Անկարայում հունվարի 5-ին բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարար ուսանողների միջեւ: Առկա տվյալներով, Թուրքիայի մայրաքաղաքի 3 առաջատար համալսարանների 300-500 ուսանողներ հավաքվել են Մերձավոր Արեւելքի տեխնիկական համալսարանի շենքի մոտ:
Այդտեղ են եկել նաեւ Անկարայի համալսարանի եւ «Հաջեթեփե» համալսարանի ուսանողները: Նրանք կարգախոսներ են հնչեցրել ի պաշտպանություն մայրենի լեզվով անվճար, հավասար կրթության: Ուսանողները մտադիր էին երթով շարժվել դեպի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գրասենյակի շենք:
Քանի որ նման երթը համաձայնեցված չի եղել ոստիկանության հետ, ոստիկանները ուսանողներին կոչ են արել հայտարարություն ընդունել եւ ցրվել: Երիտասարդները այդ կոչերին չեն ենթարկվել եւ ոստիկանությունը ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարների նկատմամբ: Ուսանողներն իրենց հերթին քարեր ու շշեր են նետել ոստիկանների վրա:
Թուրքական հեռուստաալիքները նշում են, որ երկրի իշխանությունները սպասում էին դեպքերի նման զարգացում եւ համալսարանի տարածք էին բերվել ոստիկանության տասնյակ ստորաբաժանումներ, ինչպես նաեւ շտապօգնության մեքենաներ: Դեռեւս հնարավոր տուժածների ու ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան: Մայրաքաղաքի այդ հատվածում լարվածությունը եւ բախումների հավանականությունը պահպանվում է:




























