Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շնորհավորել է Վրաստանում բնակվող հայերի Սուրբ Ծնունդը: Նախագահը այցելել է Հավլաբարի թաղամասի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ հավաքվել են Թբիլիսիում բնակվող հայերը:
«Շատ եմ գնահատում եպիսկոպոս Վազգենի գործունեությունը, եւ նրա ներդրած լուման մեր քաղաքացիների հոգեւոր կյանքում, ինչպես նաեւ երկու ազգերի հարաբերությունների զարգացման գործում: Հազվադեպ է լինում, որ երկու պետություններին կապում է դարավոր բարեկամությունը, մտերմությունն ու եղբայրությունը: Նրանք միասին են հաղթահարել դժվարությունները եւ միասին են ուրախացել: Նման հարաբերությունները հայերի եւ վրացիների միջեւ հիմնված է ոչ միայն անցյալի դառը օրերի եւ ուրախությունների վրա, այլեւ ապագայի եւ ներկայի վրա»,- հայտարարել է նախագահը:
«Մենք երբեք չենք մոռանա, որ հայերը իրենց մասնիկն են ներդրել ոչ միայն Վրաստանի տնտեսության, այլեւ հոգեւոր-մշժակութային կյանքում: Պետք է չմոռանանք նաեւ այն հանգամանքը, որ Վրաստանի անկախության եւ ազատության համար հայերը զենքով են կռվել»,-նշել է Սահակաշվիլին:
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Աստվածհայտնության եւ ՍուրբԾննդյան տոնը: Հայկական եկեղեցին միակն է, որ Քրիստոսի ծնունդը նշում է հունվարի 6-ին:
Հունվարի 5-ին բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ (Ճրագալույց) է մատուցվել` ի նշան Սունբ ծննդյան հայտնության: Մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տանում եւ նշում են Սուրբ Ծնունդը: Հունվարի 6-ի առավոտյան հայկական եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվել, ապա Ջրօրհնեք է կատարվել:
Հայ առաքելական եկեղեցու օրացույցով Սունբ Ծննդին նախորդում է մեկշաբաթյա պասը` դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը:





























