Երուսաղեմում գտնվող Տիրոջ գերեզմանի տաճարը փետրվարի 25-ից փակ է ուխտավորների եւ զբոսաշրջիկների համար՝ որպես քաղաքային իշխանությունների՝ իրենցից հարկեր գանձելու մասին ծրագրերի դեմ բողոքի նշան: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի տեսուչ հայր Կորյուն Վարդապետ Բաղդասարյանը:
«Բոլոր քրիստոնեական համայնքները դեմ են քաղաքապետարանի այս որոշմանը: Որովհետեւ դարեր շարունակ ավանդություն է եղել, քաղաքապետարանը երբեք հարկեր չի գանձել եկեղեցիներից: Այս որոշումը մեզ համար բոլորովին անընդունելի է եւ որպես բողոքի նշան երեկվանից փակվել է Սուրբ Հարության դուռը եւ փակ է մնալու այնքան, մինչեւ քաղաքապետարանը չեղարկի իր որոշումը»,-ասաց նա:
Նրա խոսքով, Երուսաղեմի քաղաքապետարանի որոշումը՝ ավելի քան 180 մլն դոլար քրիստոնեական եկեղեցիներից բռնագանձելու մասին, քաղաքապետարանի բյուջեի ճեղքվածքը փակելու համար է. «Բյուջեի ճեղքվածք ունի եւ այն փակելու համար քաղաքապետը դիմել էր ֆինանսների նախարարին եւ այնուհետեւ որոշեցին հարկեր գանձել վանքերից եւ եկեղեցիներից»:
Կորյուն Վարդապետ Բաղդասարյանը նշեց, որ Երուսաղեմում գտնվող հազարավոր ուխատվորներ եւ տուրիստներ Տիրոջ գերեզմանի փակ լինելու հանգամանքով պայմանավորված բողոքում են. «Բողոքի ալիք է բարձրացվել եւ ուխտավորների, եւ տուրիստների կողմից, որ այցելել են Երուսաղեմ եւ այն փակ է ի նշան քաղաքական բողոքի»:




























