ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին` քննարկելու հայ-իրանական տնտեսական համագործակցության հեռանկարները:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը եւ դեսպանը հանդիպման ընթացքում անդրադարձել են հայ-իրանական տնտեսական հարաբերություններում նախորդ տարի գրանցված արդյունքներին եւ ձեռնարկված քայլերին, ինչպես նաեւ քննարկել առաջիկա անելիքները։

Հայաստանում Իրանի դեսպանը նշել է, որ երկու երկրների կողմից մուտքի արտոնագրի վերացումը նպաստում է ոչ միայն զբոսաշրջության աճին, այլեւ տնտեսվարողների գործնական այցելություններին՝ խթանելով բիզնես կապերը։  Ըստ դեսպանի՝ նպաստավոր գործոն է նաեւ Հայաստան մուտք գործող մարդատար մեքենաների համար տուրքի վերացումը։

Նախարար Կարայանը եւ դեսպան Սաջադին քննարկել են Հայաստանում իրանական բիզնեսի ընդլայնման հեռանկարները, ինչպես նաեւ Մեղրու ազատ տնտեսական գոտում իրանական  բիզնեսի ներգրավման եւ խրախուսման տարբերակները։  Նշվել է նաեւ, որ կարեւոր է ուղղորդել հայ արտադրողին՝ մուտք գործելու եւ հաստատվելու իրանական շուկայում։

Սուրեն Կարայանը Սեյեդ Քազեմ Սաջադիին հանգամանալից ներկայացրել է այն բոլոր միջոցառումները, որոնք կձեռնարկվեն Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների համար Նովրուզի տոների ընթացքում։

Նախարար Կարայանը հանդիպման ընթացքում ընդգծել է․ «Մենք մշտապես եղել ենք Իրան-ԵՏՄ տնտեսական կապերի սերտացման ջատագովը։ Ներկայումս էլ շարունակում ենք աշխատանքներն այդ ուղղությամբ։ Ցանկանում եմ վերահատատել, որ մենք պատրաստ ենք բարեկամ Իրանի տնտեսվարողների համար արդյունավետ հարթակ հանդիսանալ դեպի Եվրասիական միության շուկա»։