Facebook-ը համաձայնագիր է  կնքել ICE Services իրավատեր ընկերության հետ: Հիմա խոշոր սոցցանցը ICE-ի բազայում եղած ավելի քան 31 մլն երաժշտական ստեղծագործություններ օգտագործելու իրավունք ունի: Ըստ համաձայնագրի՝ Facebook-ի օգտատերերը կկարողանան երաժշտությունն ազատ օգտագործել ցանկացած տեսակի կոնտենտում՝ լուսա-, աուդիո- կամ տեսանյութային: Հեղինակային իրավունքների տերերը Facebook-ում, Instagram-ում, Oculus-ում եւ Messenger-ում երաժշտական ստեղծագործությունները լսելու համար միջնորդավճար են ստանում:

Գործարքը մի կողմից երաժշտական ինդուստրիան կպաշտպանի  «ցանցահենությունից», մյուս կողմից՝ երաժշտությունն ավելի հասանելի կդարձնի: ICE-ում կարծում են, որ թվայնացման դարաշրջանում երաժշտության օգտագործումը բոլորի համար օգտակար է եղել, անհրաժեշտ է երաժշտության տարածման նոր օրինական ձեւաչափեր գտնել: Ընկերության ներկայացուցիչ Բեն Մակյուենի կարծիքով՝ երաժշտության ոլորտի  ապագան անհնար է առանց ժամանցի ինդուստրիայի այլ ոլորտների հետ համագործակցության:

Արձագանքներից դատելով՝ 2 ընկերությունն էլ գոհ է համաձայնագրի կնքմամբ:

Միեւնույն ժամանակ, պայմանագրի ֆինանսական բաղադրիչի մասին չի հրապարակվում: Պարզ չէ՝ արդյոք ամերիկյան ցանցը ծրագրո՞ւմ է համանման գործառույթներով սեփական ծառայություն ստեղծել «Երաժշտությունը ՎԿոնտակտեում»-ի նման: Խոսակցություններ են պտտվում, որ Մարկ Ցուկերբերգը իր թիմով աշխատում է սեփական սմարթ բարձրախոսներ ստեղծելու վրա, որը նախատեսված է թողարկել այս տարվա ամռանը: