ԱՄՆ պետքարտուղարությունը ուսումնասիրում է Իրանում ԱՄՆ քաղաքացի Խալ Թալայանի ձերբակալության մասին տեղեկությունը: Այս մասին հունվարի 6-ին հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները:
«Մենք կապվել ենք Իրանում մեր շահերը ներկայացնող Շվեյցարիայի հետ, որպեսզի պարզենք այդ միջադեպի հետ կապված մանրամասները»,- ասել է նա: Նրա խոսքով, կատարվածի շուրջ հակասական շատ լուրեր կան: ԱՄՆ պետքարտուղարությունը կապվել է նաեւ հայաստանյան իշխանությունների հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, որոշ լրատվամիջոցների տվյալներով, 55-ամյա Խալ Թալայանը փորձ էր արել հատել հայ-իրանական սահմանը: Խուզարկության ժամանակ կնոջ մոտ հայտնաբերվել է «լրտեսական սարք կամ բարձրախոս», որն իբրեւ թե տեղավորված է եղել նրա «ատամների արանքում»: Ձերբակալվածը հրաժարվել էր վերադառնալ Հայաստան` հավաստիացնելով, որ այդ երկրում իրեն մահացու վտանգ է սպառնում:
Պաշտոնական Թեհրանը հերքել է ձերբակալության մասին լուրը:




























