Հայտնի են դարձել Ադրբեջանի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանում ռուս սպայի սպանության մանրամասները:

Սպանությունը կատարվել է Նոր տարվա գիշերը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ կայանում ծառայող սպաների խումբը Նոր տարին նշելու համար հավաքվել է մայոր Սերգեյ Միխայլովիչ Գրաչեւի տանը: Կերուխումից հետո հյուրերի եւ տանտիրոջ միջեւ վեճ է սկսվել, որի պատճառներն առայժմ հայտնի չեն: Արդյունքում սպաները սպանել են Գրաչեւին, գողացել նրա փողերը, ոսկեղենը եւ փախուստի դիմել: Սպանության մասին լուրն իրավապահ մարմինները ստացել են հունվարի 2-ին: Դեպքի վայր հասած իրավապահները գտել են Սերգեյ Գրաչեւի գլխատված մարմինը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ երկու երեխաների հայր Գրաչեւը մի քանի տարի առաջ բաժանվել է ընտանիքից եւ մեկ տարի էր, ինչ մենակ էր ապրում:

Գաբալայում ներկայումս գտնվում է Ռուսաստանի զինվորական դատախազության աշխատակիցների խումբը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ադրբեջանի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուս սպայի սպանության շուրջ: