Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին կեղծ փաստաթղթի հիման վրա վրաց պատրիարքարանին փոխանցելու հարցով Վիրահայոց թեմը դիմել էր դատարան. առաջին նիստի օրն արդեն հայտնի է, այն տեղի կունենա մարտի 13-ին: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի մամուլի եւ լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը: Նա նշեց, որ դատարան ներկայացրած հայցով պահանջում են եկեղեցին վերադարձնել Վիրահայոց թեմին, քանի որ եկեղեցու հայկական լինելը ոչ մի կասկած չի հարուցում եւ բոլոր փաստերով, արխիվային նյութերով ապացուցված է:
Սուսաննա Խաչատրյանն անդրադառնալով Թբիլիսիի Նարիղալա ամրոցի քարերը Աղմաշենեբելի փողոց տեղափոխելուն՝ Թանդոյանց եկեղեցու շինարարության նպատակով, նշեց. «Դրան տեղեկացել ենք Ռուսթավի 2-ի պատրաստած ռեպորտաժից: Նարիղալա ամրոցի քարերը տեղափոխել են Թբիլիսիի Աղմաշենեբելի փողոցում կառուցվող եկեղեցու շինարարության համար: Պարզ չէ, թե արդյոք այն Թանդոյանց եկեղեցու համար է, բայց այդ փողոցի վրա միայն այդ եկեղեցին է եւ դրանից ելնելով կարելի է ենթադրել, որ հենց Թանդոյանց եկեղեցու կառուցման համար է նախատեսված, որովհետեւ այնտեղ այլ եկեղեցի չի կառուցվում»:
Թե ինչ քայլեր է Վիրահայոց թեմը ձեռնարկում եկեղեցում շինարարություն սկսելն արգելելու համար, Սուսաննա Խաչատրյանը պատասխանեց. «Պատրիարքարանն է իրականացնում շինարարությունը, այդ մասին տեղյակ չի ոչ հուշարձանների պահպանության դեպարտամենտը, ոչ քաղաքապետարանը, ոչ էլ մշակույթի նախարարությունը: Մենք սպասում ենք առաջին դատական նիստին, որով էլ կհասկանանք մեր հետագա քայլերը»:
Նշենք, որ 2017թ. ապրիլին Վրաց պատրիարքարանի քարտուղար Բոթքովելին դիմել է Վրաստանի հուշարձանների պահպանության եւ վերականգնման գործակալություն՝ Թանդոյանց եկեղեցու մասին տեղեկություններ ստանալու: Գործակալությունը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, թե իբր այդ եկեղեցին նախկինում եղել է վրացական, որի հիման վրա էլ այն փոխանցվել է վրաց պատրիարքարանին որպես սեփականություն:
Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Թբիլիսիի Կուկիո կոչված թաղամասում, այն կառուցվել է 19-րդ դարում: Մինչեւ խորհրդային տարիները գործել է որպես հայ առաքելական եկեղեցի, հետո վերածվել է կինոթատրոնի:
Կուկիո թաղամասում, մինչ Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցու հիմնադրումը, գործել է Սբ. Աստվածածին անվամբ Հայ առաքելական եկեղեցին:



























