Verge-ի լրագրողները կարողացել են պարզել, որ ամերիկյան Palantir գաղտնի ստարտափը Նոր Օռլեանում փորձարկել է հանցագործությունների կանխատեսման համակարգը: ՀԴԲ վենչուրային հիմնադրամի միջոցների վրա ստեղծված ընկերության ներկայացուցիչները, Միթչ Լանդրեի հետ, որը 2010 թվականից քաղաքապետ է, պայմանավորվել են նախագծի իրականացման մասին, հաղորդում է HighTech-ը:
Palantir-ի եւ Նոր Օռլեանի ոստիկանության միջեւ համագործակցությունը սկսվել է 2012-ին եւ մի քանի անգամ երկարաձգվել է: Վերջին պայմանագրի ժամկետը լրացել է 2018 թվականի փետրվարի 21-ին: Այս տվյալների մասին են հաստատում աղբյուրների վկայությունները, ինչպես նաեւ էլփոստով ուղարկված նամակները, որոնք հայտնվել են Verge-ի տնօրինության տակ:
2013 թվականին ընկերության համար հասանելի են դարձել միլիոնավոր հանրային բնույթի փաստաթղթեր, ինչպես նաեւ դատական փաստաթղթեր, հասցեներ, հեռախոսահամարներ եւ սոցիալական ցանցերից ստացված տեղեկություններ: Բացի այդ, Լանդրեն Palantir-ին տրամադրել է հանցագործության հետ կապված քաղաքային տվյալներ:
Ստացված տվյալներով Palantir-ը ստեղծել է կապի քարտեզներ, որոնցով հնարավոր է եղել հետեւել, ինչպես են իրար հետ կապակցված մարդիկ, վայրերը, մեքենաները, հասցեները, զենքերը եւ անգամ սոցցանցերի գրառումները:
Ոստիկաններին բավական է եղել համակարգում գրել մեքենայի համարը, հասցեն կամ հանցագործի մականունը եւ համակարգը ներկայացրել է նրա բոլոր կապերը: Այդպիսով, հնարավոր է եղել կանխատեսել, ով է Օռլեանի բնակիչներից հանցագործություն կատարել, իսկ ով շուտով զոհ կդառնա:




























