Աֆղանստանի Քանդահար նահանգի Սպին-Բոլգակ քաղաքի հասարակական բաղնիքում հունվարի 7-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ամենաքիչը 17 մարդ է զոհվել, եւս 21-ը վնասվածքներ են ստացել:

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը, պայթյունի հեղինակը կարող է ահաբեկիչ-մահապարտը լինել: 

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ահաբեկիչների թիրախը եղել է աֆղանական սահմանային ծառայության սպաներից մեկը, ով պայթյունի պահին բաղնիքում է գտնվել: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», սպան սպանվել է:

Հայտնի է դարձել, որ հունվարի 7-ին զինյալների հարձակման հետեւանքով զոհվել է նաեւ ՆԱՏՕ-ի երեք զինծառայող` մեկը երկրի հարավում, մյուս երկուսը` արեւելքում:

Նշենք, որ վերջին խոշոր ահաբեկչությունն Աֆղանստանում տեղի էր ունեցել դեկտեմբերի 30-ին: Գիլմենդ նահանգում որոտացած պայթյունի հետեւանքով այն ժամանակ զոհվել էր 14 մարդ: