Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությանը թույլտվություն տվեց Արտաշատի խճուղու 5/1 հասցեում գտնվող «Նաիրիտ -2» ՓԲԸ-ի շենքերի, շինությունների, ինչպես նաեւ հողային տարածքների վաճառքի համար: Համապատասխան որոշումը հաստատվել է մարտի 1-ի կառավարության նիստի ժամանակ: Ծրագիրը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի փոխնախարար Կարեն Ղահրամանյանը:

Նա նշեց, որ կառավարությունը որպես «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 100 տոկոսանոց բաժնետեր հանդես եկող գերատեսչությանը թույլ կտա որոշում կայացնել քիմիական գործարանի 114.6 մլն դրամ արժողությամբ շենքերի եւ շինությունների եւ 626,9 մլն դրամ արժողությամբ 10.3 հա հարակից հողատարածքի վաճառքի մասին: Որպես գնորդ հանդես կգա «Ա-Ս Ինվեստմենթս» ՍՊԸ-ն, որը նախկինում եւս գնել էր գործարանի ակտիվները:

«Ա-Ս Ինվեստմենթս» ՍՊԸ-ն ընթացիկ ամսում դիմել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին նախկին քիմիական գործարանի գույքային համալիրը արդյունաբերական եւ այլ բիզնես ծրագրերի իրականացման նպատակով ձեռք բերելու խնդրանքով:

«Միեւնույն ժամանակ, գնորդը պատրաստակամություն է հայտնել առաջիկա 7-10 տարվա ընթացքում 7.5 մլրդ դրամ ներդնել համապատասխան հզորությունների եւ 250 նոր աշխատատեղերի ստեղծման համար»,- նշել է Կարեն Ղահրամանյանը:

Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանը չի գործում 2010 թվականի մարտ ամսից: Ընկերությունում 100 մլն դոլարի չափով պարտք է կուտակվել: 2016 թվականի նոյեմբերի վերջին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ներկայացված հայցի հիման վրա «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն սնանկ էր ճանաչել: