Հայաստանի կառավարությունը մարտի 1-ի նիստին բացասական եզրակացություն է տվել «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի վերաբերյալ: Որոշումների նախագծերը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Ըստ նախարարի՝ օրինագիծը սահմանում է «մայներ» հասկացությունը, մայներների նկատմամբ հարկային արտոնություններ է սահմանում, ինչպես նաեւ պահանջներ է նախատեսում դրանց գրանցման մասով: Սակայն, ըստ նրա, օրինագիծը ոլորտը կարգավորող իրավական նորմեր չի պարունակում: «Օրինագիծը վերաբերում է միայն մայնինգի գործընթացներին, կրիպտոարժույթների թողարկմանը եւ վաճառքին, մինչդեռ թվային տեխնոլոգիաները լայն հասկացություն են: Այս կապակցությամբ կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով այս հարցի վերաբերյալ միջազգային դիրքորոշումը. առաջատար երկրների մեծամասնությունը կոչ է անում ձեռնպահ մնալ կրիպտոարժույթներով գործարքներց»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ համաշխարհային փորձը ցույց է տվել, որ այս ոլորտի արդյունավետ կարգավորումը գործնականում անհնար է. ոչ մի երկիր կամ միջազգային կազմակերպություն կրիպտոարժույթների կառավարման եւ վերահսկողության հստակ եւ համալիր մոտեցումներ դեռ չի մշակել, որոնք թույլ կտան արդյունավետ կերպով զսպել եւ կառավարել դրանց բնորոշ ռիսկերը: «Օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով ռիսկի մի շարք գործոններ, ինչպիսիք են փողերի լվացումը եւ ահաբեկչության ֆինանսավորումը, խարդախությունը, հաքերային հարձակումները, սպառողների շահերի խախտումը, կրիպտոարժույթների գների բարձր տատանողականությունը», - ասել է Կարայանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ելք» ընդդիմադիր դաշինքը շրջանառության մեջ էր դրել «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» օրինագիծը, որի հեղինակն է պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Օրինագիծը նախատեսում է, որ Հայաստանում կրիպտոարտարժույթների շուկան պետք է ազատականացվի եւ դրանց մայնինգով կարող է զբաղվել յուրաքանչյուր քաղաքացի: