Ես ոչինչ չեմ արել, որ իմ կյանքում դրա համար ամաչեմ, որ իմ խղճի հետ ես երբևէ կռիվ ունենամ: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում ՍԴ անդամի թափուր տեղի համար ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՍԴ անդամի միակ թեկնածու Հրայր Թովմասյանը:
«Ես այս պահին հայտարարում եմ, որ վերջակետ եմ դնում որպես քաղաքական գործիչ կարիերային, որքան էլ դա ցավալի լինի», - հայտարարեց նա՝ չցանկանալով պատասխանել իրեն ուղղված քաղաքական մեղադրանքներին:
Ինչ վերաբերում է իր գործընկերների էմոցիոնալ ելույթներին, Հրայր Թովմասյանն ասաց, թե հաճելիորեն զգացված է այդ ամենի համար. ««Ես իմ կենսագրության մեջ ոչինչ չեմ արել, որ իմ կյանքում դրա համար ամաչեմ, ես չեմ արել ոչինչ, որ իմ խղճի հետ ես երբևէ կռիվ ունենամ», - ընդգծեց Թովմասյանը:
Նրա խոսքով, ԱԺ-ում, անկախ նրանից, թե ով որ ուժն է ներկայացնում, ինչ տարիքի ու սեռի է, կա մի համախմբվածություն՝ բոլորը համակարծիք են մի հարցի շուրջ, որ Սահմանադրականության գերակայության ապահովումը ու արդարադատության որակի բարձրացումը Հայաստանի առջև ծառացած տասնյակ խնդիրների լուծման բանալին է. «Ես վստահեցնում եմ, որ ջանք ու եռանդ չեմ խնայի, ես կներդնեմ իմ ողջ ներուժը, իմ գիտելիքները մեր երկրում այս խնդիրների լուծման եւ ապահովման համար»:
Նշենք, որ ՍԴ անդամի պաշտոնը թափուր էր մնացել, երբ այդ պաշտոնը թողել էր Կիմ Բալայանը:
Նշենք, որ ՍԴ անդամի ընտրությունը տեղի է ունենալու ԱԺ-ում ժամը 13.30-ից մինչեւ 14.30-ը:




























