Պեկինի միջին աստիճանի առաջին ժողովրդական դատարանը սպանության գործով դատավարության ժամանակ երկրում առաջին անգամ պաշտոնապես կիրառել է վիրտուալ իրականության տեխնոլոգիաները, ուրբաթ հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դատարանը քննում էր 19-ամյա աղջկա՝ Լյուի սպանության գործը, որը կատարել էր նրա ընկերը՝ Չժանը: Սպանությունը կատարվել էր անցյալ տարվա սեպտեմբերին տղամարդու՝ Պեկինում գտնվող գրասենյակում: Հանցագործության իրագործումից հետո նա չի փորձել թաքնվել, կանչով ժամանած ոստիկանության աշխատակիցները նրան ձերբակալել են հանցագործության վայրում:
Սպանության վկան զոհի գործընկերներից մեկն էր՝ Դունը, հենց նա է դարձել առաջին մարդը, ով Չինաստանում ցուցմունք է տվել վիրտուալ իրականության տեխնոլոգիաների միջոցով:
Դատավարության ժամանակ նրան հատուկ ակնոց են հագցրել, եւ Դունը հատուկ սարքավորման միջոցով կարողացել է տարբեր անկյուններից վերականգնել հանցագործության պատկերը, որի վկան էր դարձել: Նրա բոլոր շարժումները մշակվել են, եւ հանցագործության վայրի նմանակման պատկերներն անմիջապես դատարանի դահլիճում ներկայացվել են մեծ էկրանին, դահլիճում գտնվողները կարողացել են տեսնել այն ամենի նմանակումը, ինչ տեսել է Դունը:




























