ԱՄՆ-ը տեղեկություններ չունի, որ Իրանի իշխանությունները լրտեսության կասկածակնքով ձերբակալել են ԱՄՆ մի քաղաքացու: Այս մասին դեկտեմբերի 7-ին բրիֆինգում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:
Նրա խոսքով, ամերիկյան կողմը կապվել է Հայաստանի եւ Իրանի իշխանությունների հետ (վերջինիս հետ Շվեյցարիայի միջնորդությամբ) որեւէ տեղեկություն ստանալու համար: «Ո՜չ Իրանում, ո՜չ Հայաստանում չկան փաստաթղթեր, որոնք կհաստատեն ԱՄՆ քաղաքացու կողմից հայ-իրանական սահմանը հատելու կամ նման փորձ կատարելու փաստը, ինչպես այդ մասին գրել են լրատվամիջոցները»,- ասել է Քրաուլին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ որոշ լրատվամիջոցների տեղեկություններով, 55-ամյա Խալ Թալյանը փորձել է հատել հայ-իրանական սահմանը: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է «լրտեսական սարք կամ միկրոֆոն», որն, իբր, տեղադրված է եղել նրա ատամների արանքում: Ձերբակալվածը հրաժարվել է վերադառնալ Հայաստան, հայտարարելով, որ Հայաստանում իրեն մահացու վտանգ է սպառնում:
Պաշտոնական Թեհրանը հերքել է այս տեղեկությունը: Հայաստանի ԱԱԾ մամուլի ծառայության ղեկավար Արծվին Բաղմանյանը, մեկնաբանելով այս լուրը, ասել է, որ նման անվանումով անձ Հայաստան չի ժամանել եւ հետեւաբար, չի էլ մեկնել:




























