Թուրքական GetContact ծրագիրը փետրվարի ամենատարածված հավելվածն է դարձել App Store–ի անվճար հավելվածների շարքում։ Google Play–ում այն չորրորդ տեղն է զբաղեցնում։

Հավելվածը թույլ է տալիս տեղեկանալ, թե ինչպես է իր հեռախոսահամարը գրանված այլ օգտատերերի մոտ։ Այն սքանավորում է հեռախոսային կոնտակները եւ համալրում տվյալների բազայում։ GetContact–ը թույլ է տալիս նաեւ իմանալ, թե ով է զանգահարել, եթե զանգահարած բաժանորդի հեռախոսահամարն անհայտ է։

GetContact–ը App Store–ի հավելվածների վարկանիշում առաջին հորիզոնականում է Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում եւ Ղրղզստանում։ Ընդ որում, բազմաթիվ փորձագետներ տեւական ժամանակ ահազանգ են հնչեցնում, որ այս հավելվածը վտանգ է ներկայացնում անձնական տվյալների համար։

Google Trends–ի վիճակագրության համաձայն, հավելվածի նկատմամբ հատկապես հետաքրքրություն է սկսվել նկատվել  անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ փետրվարին հասավ իր գագաթնակետին։

Մի քանի երկրներում ծրագիրը արգելվել է, օրինակ, Ղազախստանում եւ Ադրբեջանում, որտեղ իշխանություններն իրենց որոշումն պայմանավորել են անձնական տվյալների պաշտպանության օրենքով, իսկ Հայաստանում խորհուրդ են տվել մտածել, մինչ այդ հավելվածը ներբեռնելը։

VC.ru–ի փոխանցմամբ՝  GetContact LLP հավելվածն գրանված է  Լոնդոնում անցյալ տարվա նոյեմբերին։ Դրա հիմնադիրները թուրք Մուստաֆա Սեվիչն եւ Բարաք Սելախաթուն Սագլիկն են։ Հեղինակները նշում են, որ գաղափարը հիմնված է զանգերը գովազգային սպամերից ֆիլտրելու նպատակի վրա։ Սակայն, փորձագետները նշում են, որ երաշխիքներ չկան, որ հեղինակները տվյալները չեն փոխանցի որեւէ երրորդ կողմի։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը մասնավորապես նշում է, որ մարդիկ, տեղադրելով այդ հավելվածը, ուրիշների անձնական տվյալներն են տարածում: «Կա նաեւ մի խնդիր. այն, որ այս ծրագիրը թուրքական է, եւ բնականաբար միշտ կասկած է առաջանում, որ այն կարող է հատուկ ծառայությունների հետ կապ ունենալ ու այդ տվյալները փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին, ինչը, սակայն, զուտ վարկած է, կոնկրետ կասկած չկա: Մարդիկ պիտի հասկանան, որ գրանցվելով այստեղ՝ իրենք ուրիշներին են վնասում, այսինքն՝ հասանելի են դարձնում ուրիշների հեռախոսի համարը, ինչն օրենքով արգելված է: Այսինքն՝ այդ հավելվածում գրանցված լինելը պարտադիր չէ, որպեսզի որեւէ մեկի համարը հասանելի դառնա»։