Իրանի սահմանապահները հայտարարել են, որ Հայաստանի սահմանին ձերբակալվել է լրտեսության մեջ կասկածվող ամերիկուհի, չնայած այն հանգամանքին, որ լուրն այդ մասին հերքվել է այդ երկրի պետական հեռուստաալիքի եթերում: «Ամերիկացի լրտեսուհին ձերբակալվել է Հայաստանի հետ սահմանակից Ջուլֆա քաղաքում»,-այս մասին հայտնել է Իրանի սահմանային ծառայության ղեկավարի տեղակալ ահմադ Գերավանդը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, որոշ լրատվամիջոցների տեղեկություններով, 55-ամյա Խալ Թալյանը փորձել է հատել հայ-իրանական սահմանը: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է «լրտեսական սարք կամ միկրոֆոն», որն, իբր, տեղադրված է եղել նրա ատամների արանքում: Ձերբակալվածը հրաժարվել է վերադառնալ Հայաստան, հայտարարելով, որ Հայաստանում իրեն մահացու վտանգ է սպառնում: Պաշտոնական Թեհրանը հերքել է այս տեղեկությունը: Հայաստանի ԱԱԾ մամուլի ծառայության ղեկավար Արծվին Բաղմանյանը, մեկնաբանելով այս լուրը, ասել է, որ նման անվանումով անձ Հայաստան չի ժամանել եւ հետեւաբար, չի էլ մեկնել:
Նախօրեին էլ՝ հունվարի 7-ին, ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտնել էր, թե ԱՄՆ-ը տեղեկություններ չունի լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհու մասին: Նրա խոսքով, ամերիկյան կողմը կապվել է Հայաստանի եւ Իրանի իշխանությունների հետ (վերջինիս հետ Շվեյցարիայի միջնորդությամբ) որեւէ տեղեկություն ստանալու համար: «Ո՜չ Իրանում, ո՜չ Հայաստանում չկան փաստաթղթեր, որոնք կհաստատեն ԱՄՆ քաղաքացու կողմից հայ-իրանական սահմանը հատելու կամ նման փորձ կատարելու փաստը, ինչպես այդ մասին գրել են լրատվամիջոցները»,- ասել է Քրաուլին:





























