«Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից Ռուսաստանի նախագահի թեկնածու  Քսենիա Սոբչակը կիրակիր օրը հայտնել է, որ իր վրա մի տղամարդ է հարձակվել եւ ինչ-որ հեղուկ լցրել իր վրա, հայտնում է «ՏԱՍՍ»-ը: «Ինձ վրա հենց նոր մի մարդ հարձակվեց: Նա հրեց ինձ, եւ ես ընկա, ապա, ինչ-որ բան ինձ վրա թափելով, բղավեց. «Սա Ժիրինովսկու համար»: Մենք ոստիկանություն են կանչել»,- գրել է Սոբչակը թվիթերյան իր միկրոբլոգում:


Թեկնածուի մամուլի ծառայությունը մանրամասնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի «Պետրովսկու» պալատից դուրս գալիս, որտեղ անցկացվում էր Միխայիլ Գորբաչովի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառում: Մամուլի ծառայության տվյալներով՝ մարդը ջուր թափել է Սոբչակի վրա, նրան ձերբակալել են անվտանգության աշխատակիցները: «Ոստիկանությունն արդեն ժամանել է եւ արձանագրություն է կազմում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում քննարկման ժամանակ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, անպարկեշտ արտահայտություններ օգտագործելով, վիրավորել էր Սոբչակին, որն ի պատասխան ջուր էր լցրել քաղաքական գործչի վրա: