Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիին կոչ է արել ազդեցություն գործել Դամասկոսի վրա՝ Արեւելյան Գուտայի վրա հարձակումները դադարեցնելու համար: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը:

«Ֆրանսիական պետության ղեկավարը կոչ է արել Իրանի նախագահին անհրաժեշտ ճնշում գործադրել սիրիական վարչակարգի վրա՝ Արեւելյան Գուտայի բնակչության անխնա գնդակոծմանը վերջ տալու համար»,- հայտնել են Ելիսեյան պալատում: Ֆրանսիական կողմը նաեւ անհրաժեշտ է համարում նաեւ ապահովել «մարդասիրական օգնության մուտքը եւ վիրավորների տարհանումը»:

Մակրոնն ու Ռոհանին հաստատել են օպերատիվ ռեժիմում «միասին աշխատելու» իրենց պատրաստակամությունը՝ մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու եւ հրադադարի պահպանումը ապահովելու համար: