Հունվարի 9-ից 12-ը Պեկին կատարելիք պաշտոնական այցից առաջ Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ի պատասխան Չինաստանի աճող ռազմականացման կմեծացնի իր ռազմական ներուժը:

Գեյթսի խոսքով, Չինաստանի աճող ռազմական հզորությունը կարող է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաթարել ԱՄՆ ռազմական ներուժը, գրում է ՌԲԿ-ն:

«Մենք պետք է արձագանքենք ժամանակին եւ համաչափ», - նշել է ԱՄՆ Պաշտպանության քարտուղարը:

2010թ. օգոստոսին Վաշինգտոնը հայտարարեց, որ իր հաշվարկով Չինաստանի պաշտպանության ծախսերը 2009-ին երկու անգամ գերազանցել են պաշտոնական տվյալները եւ կազմել են 150 միլիարդ դոլար:

Պենտագոնի տվյալներով, 1996-ից Չինաստանի ռազմական ծախսերն աճել են չորս անգամ: ԱՄՆ-ն պաշտպանության վրա ծախսում է տարեկան ավելի քան 500 միլիարդ դոլար:

Չինաստանը հայտարարում է, որ երկրի ռազմական զարգացումն ուղղված չէ այլ պետության դեմ, սակայն անհրաժեշտ է` իր տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում անվտանգության, խաղաղության եւ կայունության ապահովման համար: