Իրանի Սահմանապահ ծառայությունն ազատ է արձակել սահմանին ձերբակալած օտարերկրացուն, որը կասկածվում էր ԱՄՆ-ի օգտին լրտեսելու մեջ:
«Հունվարի 5-ին Նորդուզի սահմանային տերմինալով Իրանի սահմանն անցած 34-ամյա կինը հետաքննություննից եւ իրավական ընթացակարգն անցնելուց հետո լքել է Իրանը», - IRIB հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իրանի անվտանգության կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներն ավելի վաղ հայտարարել էր, թե ԱՄՆ քաղաքացին գտնվում է անվտանգ վայրում:
Հունվարի 8-ին իրանցի սահմանապահները հայտարարել էին Հայաստանի հետ սահմանին լրտեսության մեջ կասկածվող ամերիկուհու ձերբակալման մասին:
Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով, Հալ Թալայանը փորձել էր հատել հայ-իրանական սահմանը: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել էր «լրտեսական սարք կամ միկրոֆոն», որն, իբր, տեղադրված է եղել նրա ատամների արանքում: Ձերբակալվածը հրաժարվել էր վերադառնալ Հայաստան, հայտարարելով, որ Հայաստանում իրեն մահացու վտանգ է սպառնում:
Պաշտոնական Թեհրանը հերքել էր այս տեղեկությունը: Հայաստանի ԱԱԾ մամուլի ծառայության ղեկավար Արծվին Բաղմանյանը, մեկնաբանելով այս լուրը, ասել էր, որ նման անունով անձ Հայաստան չի ժամանել եւ հետեւաբար, չի էլ մեկնել:




























