Հունվարի 10-ին, Երեւանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հնարավորություն կլինի հրաժեշտ տալ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանին: Վերջին հրաժեշտի արարողությունը կսկսվի ժամը 12:00-ին: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
Հիշեցնենք, որ անվանի դիրիժորը մահացավ հունվարի 6-ի առավոտյան:
Դուրյանը ծնվել է 1922թ. սեպտեմբերի 8-ին, Երուսաղեմում: Ուսանել է Երուսաղեմի կոնսերվատորիայում` Պֆեֆֆերի եւ Գրինտալի դասարաններում: 1945թ. ավարտել է կոնսերվատորիան եւ շրջագայելու մեկնել Եվրոպայով: 1960-65թ. եղել է Հայկական ֆիլհարմոնիայի գլխավոր դիրիժորը, իսկ 1971-ից` Օպերայի եւ բալետի հայկական թատրոնի դիրիժորը: Աշխատել է Բեռլինի, Դրեզդենի, Լեյպցիգի սիմֆոնիկ նվագախմբերի հետ:
Դուրյանն աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ:
Հայաստանի անկախացումից հետո վերադարձել է հայրենիք, եւ ՀՀ իշխանությունների հրավերով ստանձնել Հայաստանի ազգային Օպերայի նվագախմբի գլխավոր դիրիժորի պարտականությունները: Տարիներ տեւած աշխատանքից հետո ներքին խարդավանքների պատճառով մաեստրոն հեռացել էր նվագախմբից:
Հայաստանից հեռանալուց հետո Դուրյանն աշխատել է Մոսկվայում, սակայն կյանքի վերջում վերադարձել էր հայրենիք։ Նշենք, որ ի նշան բողոքի՝ մաեստրոն հետ էր հանձնել ՀՀ իշխանություններից ստացած իր բոլոր բարձր պարգեւները՝ փոխարենը մշտապես մասնակցելով ընդդիմության կազմակերպած միջոցառումներին:





























