Իշխանությունը գնում է փակ եւ ոչ թափանցիկ կառավարման մոդելի, այնինչ այլ բան եք գրել ձեր ծրագրում: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով, երբ քննարկում են, թե կառավարությանն առընթեր մարմինները պետք է նախարարություններ լինեն, թե պետք է ենթարկվեն վարչապետին կամ կառավարությանը, կառավարության ներկայացուցիչները տարբեր հիմնավորումներ են բերում տարբեր հարցերի շուրջ:
«Երբ ՊԵԿ-ի նախագահը դարձավ ֆինանսների նախարար, ՊԵԿ-ը մտավ ֆինանսների նախարարության ենթակայության տակ: Հենց տվյալ նախարարը (խոսքը Գագիկ Խաչատրյանի մասին-խմբ) դուրս եկավ աշխատանքից, ՊԵԿ-ը նորից առանձնացավ, կարծես օժիտի նման մի բան լինի ՊԵԿ-ը՝ տվյալ մարդուն կցված: Ես վստահ եմ, որ այն ժամանակ մի բան եք բացատրել, հետո՝ մեկ այլ բան: Շատ ժամանակ չէր անցել, ու ատ փոփոխություններ տեղի չէին ունեցել, որ մեկ ՊԵԿ-ը պետք էր միացնել, մեկ՝ անջատել»,-ընդգծեց Թանդիլյանն ու շարունակեց. «Հիմա էլ բերել են կառավարության կառուցվածք, որտեղ իր տեղում մնացել է Սփյուռքի նախարարությունը, որը ես համարում եմ ԱԳՆ-ի ոլորտ: Ինչու նա չպետք է լիներ ԱԳՆ-ում, իսկ ինետգրման եւ բարեփոխումների նախարարությունը փակվել է: Ինչն է խանգարում ունենալ մեր ներքին գործերի նախարարություն, որտեղ կլինեն եւ ոստիկանությունը, եւ ԱԱԾ-ն»:
Թանդիլյանը համոզմունք հայտնեց, որ այստեղ ոչ մի տրամաբանություն չկա, պարզապես, այս ամենը ծառայում է մեկ հոգու որոշման. «Մենք խորհրդարանականի փոխարեն վարչապետական հանրապետություն ենք ստեղծում»:
Նշենք, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծով սահմանվել է, որ նախարարների թիվը պետք է լինի 17, ներկայիս 18-ի փոխարեն. հանվել է Միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը:




























