Երեւանյան խանութներում կրկին էժանացել է հավի ձուն։ Այսօրվա՝ հունվարի 10-ի դրությամբ ձու կարելի է գնել 50-60 դրամով։ Օրինակ՝ «Արաքս» թռչնաֆաբրիկայի ձվերը վաճառվում են 55 դրամով, իսկ Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկայինը՝ 50 դրամով։ Առավել խոշոր ձվերը առաջարկվում են 60-70 դրամով։ Սակայն խանութների վաճառողուհիները NEWS.am-ի հարցումներին պատասխանում են, որ թեեւ էժանացմանը՝ գործնականում ձվի նկատմամբ պահանջարկ չկա։ Սա մասամբ ապացուցում է, որ նախաամանորյա ճգնաժամը ձվի շուկայում մեծապես պայմանավորված էր արհեստական աժիոտաժով։ Տնային տնտեսություններից շատերը ձու գնել են ավելի մեծ քանակությամբ, քան հարկավոր էր, որի հետեւանքով հիմա առկա է պահանջարկի անկում»:

Հիշեցնենք, որ Ամանորի նախօրեին ձվի գինը հանրապետության խանութներում բարձրացել էր մինչը 120 դրամ, առաջացել էր դեֆիցիտ։

Հանրապետություն նույնիսկ ձու է ներկրվել Իրանից, թեեւ, ըստ պաշտոնական վարկածի, Հայաստանում ավելի շատ ձու է արտադրվում, քան սպառվում է։ Մեկ շնչի հաշվով Հայաստանում արտադրվում է ամսական մոտ 18 ձու (սա ներառում է նաեւ գյուղատնտեսական տնտեսությունների արտադրանքը), այնինչ սպառվում է 10-11 հատ։ Այս տվյալները այնքան էլ ճշգրիտ չեն, քանի որ գյուղացիական անհատական տնտեսությունների արտադրանքը չափվում է ընտրանքային գնահատումների հիման վրա։ Բոլոր դեպքերում՝ այն, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի վերջին տասնօրյակում, կարելի է դիտարկել նաեւ որպես պահանջարկի կտրուկ, բայց կարճաժամկետ աճ։ Չի բացառվում, որ տեղի է ունեցել նաեւ սպեկուլյատիվ խաղ:

Առայժմ պաշտոնական տվյալներ չկան, թե դեկտեմբերին որքան ձու է ներկրվել Իրանից։ Պետեկամուտների կոմիտեից NEWS.am-ին խոստացան առաջիկա օրերին ամփոփել եւ հրապարակել պաշտոնական տեղեկատվությունը։