Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ, Նիսի հոգեւոր հովիվ Տեր Գրիգոր աբեղա Խաչատրյանն օրեր առաջ ստիպված է եղել փողոցում գիշերել, քանի որ կրոնական ընկերակցությունը, օգտվելով նրա բացակայությունից, փոխել է դռների կողպեքները: Հայր Գրիգորը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր նկատմամբ ապօրինություն է կատարվել, ինքն էլ դիմել է դատարան, որ արագացված կարգով քննեն հայցը: Նրա տեղեկացմամբ՝ հայցադիմումի քննությունը սկսվելու է երկուշաբթի:

Հիշեցնենք, որ Նիսի նախկին կրոնական ընկերակցությունը, որը Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգեւոր խորհրդի 2012թ. հունվարի 26-ի որոշմամբ զրկվել է «Հայ առաքելական եկեղեցի» տիտղոսից, դատական հայց էր ներկայացրել 2010թ. սեպտեմբերի 19-ից Նիսի հոգեւոր հովիվ նշանակված Տեր Գրիգոր աբեղա Խաչատրյանի դեմ եւ պարտվել: 2013 եւ 2017 թվականներին Նիսի առաջին ատյանի դատարանը մերժել էր քաղաքի կրոնական նախկին ընկերակցության՝ հովվատնից Տեր Գրիգոր աբեղա Խաչատրյանին վտարելու դիմումները, որը մեկ տարի առաջ համատեղության կարգով նշանակվել էր նաեւ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ:

Հայր Գրիգորն օրերս վերադարձել է Նիս եւ տեսել, որ բոլոր կողպեքները փոխված են: Հոգեւարականի խոսքով՝ թեեւ կրոնական ընկերակցությունը երկու անգամ տանուլ է տվել դատական հայցերը, սակայն իր բացակայությունից օգտվելով՝ փոխել է կողպեքները՝ իրեն զրկելով իր իսկ բնակարան մուտք գործելու հնարավորությունից: Արդյունքում Հայր Գրիգորը ստիպված գիշերել է փողոցում։

«Անցած շաբաթվա վերջին Նիսից ինձ լուր տվեցին, որ մյուս կողմի մարդիկ լուրեր են տարածում, թե իմ դեմ երրորդ անգամ դատ են բացել եւ շահել, ուստի ինձ վտարել են հովվատնից: Երեկ եկա Նիս եւ, ով զարմանք, բոլոր կողպեքները փոխել են, դրսի դարպասներինը՝ նույնպես: Պարսպի վրայով ցատկեցի եւ ստուգեցի, որ հովվատան, այսինքն՝ իմ բնակության վայրի փականքները եւս փոխված են: Բացի այդ՝ անհետացել էր նամակատուփս: Օրենքները կոպտորեն խախտել են, քանի որ երկու անգամ՝ 2013 եւ 2017 թվականներին, դատարանը մերժել էր նրանց հայցերն իմ դեմ, եւ վտարման մասին խոսք չէր կարող լինել»,- ասաց Տեր Գրիգոր աբեղան:

Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցածն ապօրինություն է: Հայր Գրիգորն ասում է՝ այս փուլում բանակցություններ են ընթանում հայ համայնքում տիրող մթնոլորտն առողջացնելու ուղղությամբ: