Իրանը Իրաքի համար 3 միլիրադ դոլարի վարկային գիծ կբացի՝ «Իսլամական պետության» նկատմամբ տարած հաղթանակից հետո երկիրը վերանակնգնելու նպատակով, այս մասին Բաղդադ կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իրանը պատրաստ է Իրաքին 3 մլրդ դոլարի վարկային գիծ տրամադրել, որպեսզի թույլ տա մասնավոր ընկերություններին եւ Իրանի մասնավոր հատվածին ավելի զգալի դեր ստանձնել Իրաքի վերականգնման գործում»,- Ջահանգիրիի խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը: Ըստ Ջահանգիրիի՝ Իրանն ու Իրաքը «նպատակ ունեն զարգացնել տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները»:
Բացի այդ, Իրանի առաջին փոխնախագահը հայտարարել է Իրանի եւ Իրաքի երկաթգծերի միացման անհրաժեշտության մասին, ինչի համար նախատեսվում է 30 կիլոմետրանոց հատվածի երկաթգծի կառուցումը: «Դրանով Իրաքը կկարողանա մուտք ապահովել Կենտրոնական Ասիա եւ Չինաստան, իսկ իրանական երկաթուղիները կձգվեն մինչեւ Միջերկրական ծով»,- ավելացրեց նա:



























